Հազարամյա Պատմություն Հայաստանում, Վրաստանում եւ Արեւմտյան Հայաստանում
Տևողություն
9 օր, 10 գիշեր
Համառոտ նկարագիր
Կովկասի և Արևելյան Անատոլիայի (Հայկական լեռնաշխարհի) տարածաշրջանը, ուր բախվել և միաձուլվել են հնագույն քաղաքակրթություններ, աշխարհի ուշադրության կենտրոնում է եղել այն ժամանակվանից ի վեր, երբ Նոյան Տապանը կառանեց Արարատ լեռան գագաթին: Այս ճանապարհորդության ընթացքում դուք լիարժեք պատկերացում կկազմեք այս բազմազգ, բազմակրոն և բազմամշակույթ երկրի մասին: Կտեսնեք հիասքանչ բնապատկերներ, կտպավորվեք հազարամյա պատմամշակութային հուշարձաններով: Կհամտեսեք նաև տեղի խոհանոցի համեղ ուտեստներ: Ձեզ համար հասկանալի կլինի, թե ինչպես և ինչով են ապրում ժողովուրդներն աշխարհի այս անկյունում, և ուղևորությունից կտանեք ջերմ և գունեղ հիշողություններ:
Արժեք
1200 USD
(հնարավոր է սեզոնային զեղչերի կիրառում,
տեսեʹք Չվացուցակը)
Հյուրանոցներ
Երևան 4*, Գյումրի 3+*,Ախալցխա 3*, Իգդիր 3*, Վան 3*, Սարիղամիշ 3*, Թբիլիսի 3+*:
Ուղևորության ծրագիր.
Ժամանում
Փոխադրում օդանավակայանից և տեղավորում հյուրանոցում Երևանում (ընթրիք):
Առավոտյան մենք կանցնենք քաղաքի աշխույժ կենտրոնով և կայցելենք հին ձեռագրերի գանձարան` աշխարհահռչակ Մատենադարան: Այնուհետև կմեկնենք Երևան քաղաքի ծննդավայր Էրեբունի բերդ, որ հիմնադրվել է 782 թ. մ.թ.ա. Ուրարտուի Արգիշտի թագավորի կողմից Հռոմի հիմնադրումից 29 տարի առաջ: Ապա մեզ սպասում են Երևանից դեպի արևելք տանող ճանապարհի գեղատեսիլ լեռները, ուր գտնվում է Գառնի բերդային համալիրը (1-ին դար): Այստեղ կտեսնենք գերազանց պահպանված միակ հեթանոսական տաճարը Հայաստանում, իսկ այնուհետև` ավելի բարձր լեռներում գտնվող ժայռափոր Գեղարդ վանքը (հիմնավորված 7-րդ դարում, ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ): Վանքում պահվել է այն գեղարդը որով խոցել էին Քրիստոսի մարմինը խաչի վրա (այժ գեղարդն Էջմիածնում է): Այս օրվա վերջին այցելությունը կլինի հայոց հոգևոր կենտրոն և ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ հանդիսացող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը (303 թ.): Մենք կայցելենք տաճարը և նրան կից թանգարանը, ուր պահվում են եզակի կրոնական արժեքներ, և հնարավորության դեպքում ներկա կլինենք երեկոյան ժամերգության: Գիշերակաց Երևանում:
Այս օրը կսկսենք այցելելով առասպելական Խոր Վիրապ, ուր տասներեք տարի բանտարկված է եղել Գրիգոր Լուսավորիչը` Հայաստանը 301 թ. աշխարհի առաջին քրիստոնեական պետություն դարձնելուց առաջ: Այստեղ գտվող մատուռից մենք կվայելենք Արարատ լեռան հիասքանչ ու անմոռանալի տեսարանը: Մեր հաջորդ կանգառը կլինի հռչակավոր Նորավանքը (13-րդ դար), շրջապատված հրաշագեղ կարմիր ժայռերով` երկրի ամենատպավորիչ տեսարաններից մեկը: Մերձակա գյուղում հնարավոր կլինի համտեսել հայկական ամենալավ գինիները: Այնուհետև կմեկնենք հյուսիս, Արագած լեռան փեշով, դեպի Գյումրի: Այն մեծությամբ երկրորդ քաղաքն է Հայաստանում և հանդիսացել է մշակութային կենտրոն 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին: Մենք կշրջենք քաղաքի պատմական կենտրոնում (Ալեքսանդրապոլ), որ հայտնի է 19-րդ դարի բազմաթիվ շենքերով: Կայցելենք նաև մի թանգարան, որ գտնվում է պատմական շենքում: Գիշերակաց Գյումրիում:
Գյումրիից կմեկնենք դեպի հայ-վրացական սահման, որտեղից կմտնենք Ջավախք (Սամցխե-Ջավախետի շրջան): Ախալքալաքից Ախալցխա տանող ճանապարհին մեզ կհայտնվի Խերթվիսի բերդը (հիմնադրված մ.թ.ա. 2-րդ դարում), որ խոյանում է Փարվանա և Քուռ գետերի խառնարանի վրա` թերևս ամենալավ պահպանված բերդերից մեկը Կովկասում: Ասում են, թե այն եղել է Թամարա թագուհու ամենասիրված ամրոցը: Այնուհետև լեռների միջով կմեկնենք Վարձիա յուրօրինակ քարանձավային համալիր (12-րդ դար, ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ): Համալիրը բաղկացած է եղել տասներեք հարկից, հազարավոր սենյակներից և եկեղեցուց, ուր պահպանվել են գեղեցիկ որմնանկարներ: Այնուհետև կժամանենք Ախալցխա, Վրաստանի այս շրջանի կենտրոն և խոշորագույն քաղաք: Ախալցխայում պահպանվել է քաղաքի ամրոցը, որ ժամանակին Ջակելի իշխանների, ապա օսմանյան վիլայեթի ամրություն է եղել: Ախալցխայի մոտակայքում, թաքնված լեռնային անտառներում, կայցելենք Սապարա վանքը (10-րդ դար), ուր պահպանվել են հրաշալի որմնանկարներ: Գիշերակաց Ախալցխայում:
Առավոտյան դուրս գալով Ախալցխայից` կմեկնենք դեպի վրաց-թուրքական սահման: Սահմանից այն կողմ կանցնենք Արդահանի գեղեցիկ լեռների և անտառների միջով: Ժամանելով Կարս` կշրջենք նրա նեղ փողոցներով, ուր պահպանվել են բազմաթիվ շինություններ կառուցված 19-րդ դարի վերջի ռուս-հայկական ճարտարապետության ոճով: Կտեսնենք միջնադարյան Վարդանի կամուրջը և Սբ. Առաքելոց տպավորիչ եկեղեցին (10-րդ դար): Կբարձրանանք Կարսի բերդ, որ ժամանակին Հայոց թագավորության մայրաքաղաքի ամրոցն էր և Բագրատունիների թագավորանիստը` բազմաթիվ պատերազմների վկան: Կարսում կհամտեսենք տեղի մեղրը և պանիրը, որոնցով հայտնի է այս քաղաքը: Մեր հաջորդ կանգառը կլինի առասպելական Անին, 9-11-րդ դարերի զորեղ Հայոց թագավորության հրաշալի մայրաքաղաքը, որին անվանում էին "հազար ու մի եկեղեցիների քաղաք": Անին իր ժամանակի խոշորագույն կրոնական, առևտրային և մշակույթային կենտրոնն էր Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում` “Մետաքսի ճանապարհին”: Մենք կզգանք զորությունը միջնադարյան քաղաքային պարիսպների և աշտարակների, հռչակավոր տաճարների և պալատների, որոնք հիանալի պահպանվել են մեկ հազարամյակ անց: Այդ օրվա մեր վերջին կանգառը և գիշերակացը կլինի Իգդիր քաղաքում:
Մենք կմեկնենք Դողուբայազիթ (Բայազեդ), որի ճանապարհին կվայելենք Արարատ լեռան գեղեցիկ տեսարանը հակառակ (հարավային) կողմից: Հին Բայազեդի վրա խոյանում է Արշակունյաց (1-5-րդ դդ.) Դարոյնք թագավորանիստ բերդը, որ ծառայել է որպես հարստության գանձարան և թագավորական ընտանիքի ապաստարան: Մենք կայցելենք նաև Իսհակ փաշայի շքեղ պալատ (17-րդ դար), մի համալիր ուր տեղ են գտել պալատներ, հրապարակներ, մզկիթներ, որոնցում միահյուսված են պարսկական, արաբական և հայկական ճարտարապետական ոճերը: Այստեղ կտեսնենք հարեմի յուրօրինակ սենյակներ, խորափոր զնդաններ, գողտրիկ բակեր: Ապա կընթանանք Վան տանող ճանապարհով, ուր կանգ կառնենք Բերկրիի գեղեցիկ ջրվեժի մոտ: Ժամանելով Վան` կայցելենք ուրարտական Տուշպա/ Վան բերդ (9-րդ դար մ.թ.ա.), կտեսնենք տպավորիչ սեպագրեր թողնված Սարդուրի արքայի կողմից: Բարձրանալով դեպի Վարագա լեռը` կհայտնվենք Վասպուրական թագավորության հոգևոր առաջնորդարան Վարագավանք համալրում (որ տեղացիները կոչում են “Յոթ եկեղեցի”): Ապա մենք կիջնենք դեպի փիրուզե Վանա լիճ, կնավարկենք Աղթամար կղզի, ուր գտնվում է իր նմանը չունեցող Սուրբ Խաչ եկեղեցին (10-րդ դար): Սուրբ Խաչը համարվում է միջնադարյան կրոնական ճարտարապության եզակի գոհար, դրսի կողմից այն պատված է Աստվածաշնչյան թեմաներին վերաբերող որմնաքանդակներով, իսկ ներսի կողմից` գեղեցիկ որմանկարներով: Մենք կհամտեսենք հայտնի “Վանա տառեխ” ձուկը, որ լճում ապրող միակ տեսակի ձուկն է, և կվայելենք լողափում հանգստանալու և Վանում լողալու հաճույքը: Երեկոյան կվերադառնանք Վան քաղաք և կգիշերենք այնտեղ:
Վանից կճանապարհվենք դեպի հյուսիս արևմուտք, կանցնենք Ծաղկանց լեռնաշղթան և հետևելով Արածանիի (Արևելյան Եփրատի) հոսանքը կմտնենք Բագրևանդ գավառ, կհասնենք Աղրը քաղաք, որի մոտ հնում Զարեհավանն էր: Արածանու ափի մոտ կտեսնենք այն վայրը, ուր 301 թ. Սբ. Գրիգոր Լուսավորիչը կնքեց Տրդատ թագավորին հայոց զորքի և ավագանու հետ` այսպես կոչված “Տրդատի քարի” մոտ: Էրզրումի ճանապարհին կանգառ կառնենք Արաքս և Մուրց գետերի խառնարանի մոտ, ուր գտնվում է հին Հովվի կամուրջը, կտեսնենք նաև միջնադարյան Բասենի բերդը (Հասան-քալա): Ապա կհասնենք Էրզրում, Արևմտյան Հայաստանի խոշորագույն քաղաք, այժմ հայտնի որպես թուրքական ազգայնականության կենտրոն: Կշրջենք Էրզրումի կենտրոնով, կայցելենք բյուզանդական Թեոդուպոլիս/ Կարին բերդ (5-րդ դար) և հայտնի միջնադարյան Չիֆթե Մինարե կրոնական դպրոց: Կտեսնենք նաև հայտնի Սանասարյան վարժարանի շենքը և մոնղոլների օրոք հիմնված Յակուտիե կրոնական դպրոցը: Էրզրումից կշարժվենք դեպի Կարս, ուր կլինի մեր գիշերակացը:
Առավոտյան կհատենք թուրք-վրացական սահմանը: Ախալցխայից Քուռ գետի երկայնքով կուղևորվենք դեպի Բորժոմի քաղաք: Մեր ճանապարհին կտեսնենք Ածղուրի բերդը, որը ժամանակին հզոր ամրություն էր` Մեսխեթի շրջանի կենտրոն: Մենք կարող ենք արշավել դեպի բարձունքը` այս բերդն ուսումնասիրելու համար: Ասում են, թե այստեղ քարոզել է Անդրեաս Առաքյալը և թե նահանգի ողջ բնակչությունը ընդունել է քրիստոնեություն դեռևս 1-ին դարում: Այնուհետ կճանապարհվենք Բորժոմի-Խարագաուլի գեղատեսիլ արգելոցով (Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի/ WWF-ի օբեկտ) և կհասնենք Բորժոմի: Վերջինս հիմնադրվել է առողջարար հանքային աղբյուրների վրա և 19-20-րդ դարերում եղել է ռուս վերնախավի հանրաճանաչ հանգստավայր: Մենք կշրջենք Հանքային ջրերի հին այգում և կայցելենք Լիկանի պալատ, որը ծարայել է որպես ամառային հանգստավայր Միխայիլ Ռոմանովի (ցարի եղբոր), իսկ ապա նաև Ստալինի համար: Ապա Թբիլիսիի ճանապարհին կմտնենք Գորի քաղաք` Ստալինի ծննդավայր: Գորիի միջնաբերդը, ինչպես ասում են, ժամանակին գրավել է Հռոմի Պոմպեոս զորավարը: Հետաքրքիր կլինի տեսնել Ստալինի տպավորիչ արձանը քաղաքի գլխավոր հրապարակում (դա, թերևս, «ազգերի առաջնորդի» այդ չափերի միակ պահպանված արձանն է նախկին Խորհրդային Միության տարածքում): Ցանկացողները կարող են այցելել Ստալինի թանգարան, ուր մանրամասն կպատմեն այդ անձնավորության կյանքի մասին, իսկ մնացածը կայցելեն Գորիից ոչ հեռու Ուփլիսցիխե քարանձավային քաղաք (հինադրված 11-9-րդ դդ. մ.թ.ա.) հետաքրքիր ճարտարապետությամբ, ուր արտադրվել են Վրաստանի առաջին գինիները: Երեկոյան ժամանում և գիշերակաց Թբիլիսիում:
Օր 8 Վրաստան, մայրաքաղաք Թբիլիսի, Մեթեխի, Սիոնի, Սբ. Գևորգ տաճարներ, Նարիքալա բերդ, սինագոգ, ծծմբային բաղնիքներ, մզկիթ, Ռուսթավելի պողոտա, հին մայրաքաղաք Մցխեթա, կրոնական կենտրոն Սվետիցխովելի, Ջվարի և Սամթավրո եկեղեցիներ (մանրամասներ...)
| |
Առավոտյան կսկսենք հին Թիֆլիսի շրջայցը` տեսնելու համար այս գեղեցիկ մայրաքաղաքի պատմամշակութային արժեքները: Մեր ծրագրում կլինեն այցելություններ` Մեթեխի եկեղեցի (13-րդ դար), որի կողքին քաղաքի հիմնադիր Վախթանգ Գորգասալիի տպավորիչ արձանն է (այստեղից բացվում է հին քաղաքի և Քուռ գետի հիասքանչ տեսարան), անվանի Շարդեն և Սոլոլաքի թաղամասեր, հայկական Սբ. Գևորգ եկեղեցի, ուր պարսկական ներխուժման ժամանակ սպանվել էր հռչակավոր աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովան: Կարող ենք բարձրանալ Նարիքալա բերդ (4-րդ դար), որտեղից նույնպես բացվում է քաղաքի գեղեցիկ տեսարան: Ոչ հեռու գտնվում են սինագոգը և Սիոնի Մայր տաճարը (6-րդ դար), ուր պահվել է Վրաստանի լուսավիչ Սուրբ Նինոյի խաչը (խաղողի որթից), Թիֆլիսի հռչակավոր ծծմբային բաղնիքները` “նախշուն բաղնիսը”, Թիֆլիսի միակ մզկիթը: (Այս բոլոր տեսարժան վայրերը գտնվում են փոքրիկ հին թաղամասում, և նրանց այցելությունը կտևի ոչ ավելի, քան երկու-երեք ժամ:) Հասնելով Ռուսթավելի պողոտա` կհայտնվենք տպավորիչ Ազատության հրապարակում, որի կենտրոնում կանգնած է Վրաստանի խորհրդանիշ Գեորգի Հաղթականի ոսկեզօծ արձանը:
Օրվա երկրորդ կեսին մեր ծրագրում կլինի այցելություն ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ Մցխեթա հին մայրաքաղաք, որ գտնվում է Թբիլիսիի մոտ: Այստեղ կտեսնենք պատմական հուշարձաններ, որոնք հանդիսանում են միջնադարյան վրաց ճարտարապետության կարկառուն օրինակներ. Սամթավրո եկեղեցի` թագավորական ընտանիքի դամբարան և թագադրման վայր, Սվեթիցխովելի Մայր Տաճար (4-րդ դար)` Վրաց Ուղղափառ Եկեղեցու կենտրոն, ուր թաղված է Քրիստոսի շուրջառը, Ջվարի եկեղեցի, ուր Սբ. Նինոն կերտել էր առաջին խաչը Վրաստանում: Գտնվելով Թիֆլիսում մենք անպայման կհամտեսենք վրացական խոհանոցի հայտնի կերակրատեսակները և վրացական գինին (Վրաստանում համարում են, որ հենց այստեղ է արտադրվել աշխարհում առաջին գինին): Կգիշերենք Թբիլիսիում:
Թբիլիսիից դուրս գալով` վերադառնում ենք Հայաստան: Անցնելով վրաց-հայկական սահմանը` կհայտնվենք Լոռու մարզում, ուր լեռնային գեղատեսիլ ճանապարհով կբարձրանանք Հաղպատ և Սանահին վանքեր` ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտներ: Այնուհետև անտառների միջով ձգվող ճանապարհով կմեկնենք Դիլիջան, ուր կզբոսնենք հանրաճանաչ “Շարամբեյան” արհեստավորների փողոցով: Հաջորդ կանգառը կլինի Սևանա լիճը, Հայաստանի մարգարիտը, որն աշխարհի քաղցրահամ ջրերի յուրատեսակ պահոցներից մեկն է` ծովի մակերեսից 2000 մ. բարձրության վրա: Այստեղ կհամտեսենք լճի համեղ ձուկը: Սրանով մեր ծրագիրը կավարտվի: Հրաժեշտի երեկոյին միմյանց կշնորհավորենք այն առիթով, որ վերջին օրերի ընթացքում ձեռք ենք բերել այսպիսի հարուստ փորձ: Գիշերակաց Երևանում: