Գույնզգույն Կովկաս` Հայաստան եւ Վրաստան
Տևողություն
7 օր, 8 գիշեր
Համառոտ նկարագիր
Այս ճանապարհորդությունը ձեզ հնարավորություն կընձեռի ծանոթանալ աշխարհում առաջին քրիստոնեական պետությունների պատմության և մշակույթի հետ, տեսնել Քրիստոսի մարմինը խոցած գեղարդը, այն տեղն, ուր թաղված է Քրիստոսի շուրջառը: Ճանապարհորդության ընթացքում դուք կայցելեք ժայռափոր քաղաքներ և եկեղեցիներ, հնամյա հեթանոսական վանքեր և բերդեր: Ձեզ կզարմացնեն լեռների և անտառների, գետերի և լճերի գեղեցկությունը և այստեղ ապրող մարդկանց ջերմությունը: Դուք կզգաք մայրաքաղաքների և գավառական քաղաքների գունեղ կյանքը, կարող եք շրջել և հուշանվերներ ընտրել փողոցներում, ուր աշխատում և ապրում են արհեստագործ վարպետները: Դուք անպատճառ կհամտեսեք համեղ ազգային կերակրատեսակներ և անուշաբույր գինիներ, որոնք արտադրում են այստեղ արդեն երեք հազար տարի:
Արժեք
990 USD
(հնարավոր է սեզոնային զեղչերի կիրառում,
տեսեʹք Չվացուցակը)
Հյուրանոցներ
Երևան 4*,
Գյումրի 3+*,
Ախալցխա 3*,
Թբիլիսի 3+*:
Ուղևորության ծրագիր.
Ժամանում
Փոխադրում օդանավակայանից և տեղավորում հյուրանոցում Երևանում (ընթրիք):
Առավոտյան մենք կանցնենք քաղաքի աշխույժ կենտրոնով և կայցելենք հին ձեռագրերի գանձարան` աշխարհահռչակ Մատենադարան: Այնուհետև կմեկնենք Երևան քաղաքի ծննդավայր Էրեբունի բերդ, որ հիմնադրվել է 782 թ. մ.թ.ա. Ուրարտուի Արգիշտի թագավորի կողմից Հռոմի հիմնադրումից 29 տարի առաջ: Ապա մեզ սպասում են Երևանից դեպի արևելք տանող ճանապարհի գեղատեսիլ լեռները, ուր գտնվում է Գառնի բերդային համալիրը (1-ին դար): Այստեղ կտեսնենք գերազանց պահպանված միակ հեթանոսական տաճարը Հայաստանում, իսկ այնուհետև` ավելի բարձր լեռներում գտնվող ժայռափոր Գեղարդ վանքը (հիմնավորված 7-րդ դարում, ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ): Վանքում պահվել է այն գեղարդը որով խոցել էին Քրիստոսի մարմինը խաչի վրա (այժ գեղարդն Էջմիածնում է): Այս օրվա վերջին այցելությունը կլինի հայոց հոգևոր կենտրոն և ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ հանդիսացող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը (303 թ.): Մենք կայցելենք տաճարը և նրան կից թանգարանը, ուր պահվում են եզակի կրոնական արժեքներ, և հնարավորության դեպքում ներկա կլինենք երեկոյան ժամերգության: Գիշերակաց Երևանում:
Այս օրը կսկսենք այցելելով առասպելական Խոր Վիրապ, ուր տասներեք տարի բանտարկված է եղել Գրիգոր Լուսավորիչը` Հայաստանը 301 թ. աշխարհի առաջին քրիստոնեական պետություն դարձնելուց առաջ: Այստեղ գտվող մատուռից մենք կվայելենք Արարատ լեռան հիասքանչ ու անմոռանալի տեսարանը: Մեր հաջորդ կանգառը կլինի հռչակավոր Նորավանքը (13-րդ դար), շրջապատված հրաշագեղ կարմիր ժայռերով` երկրի ամենատպավորիչ տեսարաններից մեկը: Մերձակա գյուղում հնարավոր կլինի համտեսել հայկական ամենալավ գինիները: Այնուհետև կմեկնենք հյուսիս, Արագած լեռան փեշով, դեպի Գյումրի: Այն մեծությամբ երկրորդ քաղաքն է Հայաստանում և հանդիսացել է մշակութային կենտրոն 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին: Մենք կշրջենք քաղաքի պատմական կենտրոնում (Ալեքսանդրապոլ), որ հայտնի է 19-րդ դարի բազմաթիվ շենքերով: Կայցելենք նաև մի թանգարան, որ գտնվում է պատմական շենքում: Գիշերակաց Գյումրիում:
Գյումրիից կմեկնենք դեպի հայ-վրացական սահման, որտեղից կմտնենք Ջավախք (Սամցխե-Ջավախետի շրջան): Ախալքալաքից Ախալցխա տանող ճանապարհին մեզ կհայտնվի Խերթվիսի բերդը (հիմնադրված մ.թ.ա. 2-րդ դարում), որ խոյանում է Փարվանա և Քուռ գետերի խառնարանի վրա` թերևս ամենալավ պահպանված բերդերից մեկը Կովկասում: Ասում են, թե այն եղել է Թամարա թագուհու ամենասիրված ամրոցը: Այնուհետև լեռների միջով կմեկնենք Վարձիա յուրօրինակ քարանձավային համալիր (12-րդ դար, ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ): Համալիրը բաղկացած է եղել տասներեք հարկից, հազարավոր սենյակներից և եկեղեցուց, ուր պահպանվել են գեղեցիկ որմնանկարներ: Այնուհետև կժամանենք Ախալցխա, Վրաստանի այս շրջանի կենտրոն և խոշորագույն քաղաք: Ախալցխայում պահպանվել է քաղաքի ամրոցը, որ ժամանակին Ջակելի իշխանների, ապա օսմանյան վիլայեթի ամրություն է եղել: Ախալցխայի մոտակայքում, թաքնված լեռնային անտառներում, կայցելենք Սապարա վանքը (10-րդ դար), ուր պահպանվել են հրաշալի որմնանկարներ: Գիշերակաց Ախալցխայում:
Առավոտյան դուրս կգանք Ախալցխայից և Քուռ գետի երկայնքով կուղևորվենք դեպի Բորժոմի քաղաք: Մեր ճանապարհին կտեսնենք Ացքուրի բերդը, որը ժամանակին հզոր մի ամրություն էր` Մեսխեթի շրջանի կենտրոնը: Մենք կարող արշավել դեպի բարձունքը` այս բերդն ուսումնասիրելու համար: Ասում են, թե այստեղ քարոզել է Անդրեաս Առաքյալը և թե նահանգի ողջ բնակչությունը ընդունել է քրիստոնեություն դեռևս 1-ին դարում: Այնուհետ կճանապարհվենք Բորժոմի-Խարագաուլի գեղատեսիլ արգելոցով (Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի/ WWF-ի օբեկտ) և կհասնենք Բորժոմի: Վերջինս հիմնադրվել է առողջարար հանքային աղբյուրների վրա և 19-20-րդ դարերում եղել է ռուս վերնախավի հանրաճանաչ հանգստավայր: Մենք կշրջենք Հանքային ջրերի հին այգում և կայցելենք Լիկանի պալատ, որը ծարայել է որպես ամառային հանգստավայր Միխայիլ Ռոմանովի (ցարի եղբոր), իսկ ապա նաև Ստալինի համար: Այստեղից կմեկնենք Թիմոթեսուբանի վանք (Սուրբ Տիմոթեոս, 10-րդ դար), որը կառուցված է կարմիր ավազաքարով և նկարազարդված Թամարա թագուհու դարաշրջանից պահպանված որմնանկարներով: Քիչ հեռու գտնվում է Բակուրիանի քաղաքը, Վրաստանի հայտնի լեռնադահուկային կենտրոնը, ուր մենք կարող ենք այցելել հարյուր տարի առաջ հիմնադրված բուսաբանական այգին (այն հանդիսանում է WWF էկոկենտրոն): Այս վայրերը հայտնի են իրենց մեղրով և “սուլուգունի” պանրով, որոնք մենք հնարավորություն կունենք համտեսել:
Մեր հաջորդ կանգառը կլինի Քութաիսին, Վրաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը, հայտնի անտիկ ժամանակներից: Այն Իմերեթի տարածաշրջանի կենտրոնն է և եղել է Վրաց միացյալ թագավորության մայրաքաղաք: Մենք կտեսնենք հայտնի Բագրաթի տաճարը և Գելաթի վանական համալիրը (11-րդ և 12-րդ դդ.)` երկուսն էլ ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ: Ցանկության դեպքում կարող ենք շրջել քաղաքի հրեական թաղամասով: Ապա Թբիլիսիի ճանապարհին կմտնենք Գորի քաղաք` Ստալինի ծննդավայր: Գորիի միջնաբերդը, ինչպես ասում են, ժամանակին գրավել է Հռոմի Պոմպեոս զորավարը: Հետաքրքիր կլինի տեսնել Ստալինի տպավորիչ արձանը քաղաքի գլխավոր հրապարակում (դա, թերևս, «ազգերի առաջնորդի» այդ չափերի միակ պահպանված արձանն է նախկին Խորհրդային Միության տարածքում): Ցանկացողները կարող են այցելել Ստալինի թանգարան, ուր մանրամասն կպատմեն այդ անձնավորության կյանքի մասին, իսկ մնացածը կայցելեն Գորիից ոչ հեռու գտնվող Ուփլիսցիխե քարանձավային քաղաք (հինադրված 11-9-րդ դդ. մ.թ.ա.) հետաքրքիր ճարտարապետությամբ, ուր արտադրվել են Վրաստանի առաջին գինիները: Երեկոյան ժամանում և գիշերակաց Թբիլիսիում:
Օր 5 Վրաստան, մայրաքաղաք Թբիլիսի, Մեթեխի, Սիոնի, Սբ. Գևորգ տաճարներ, Նարիքալա բերդ, սինագոգ, ծծմբային բաղնիքներ, մզկիթ, Ռուսթավելի պողոտա, հին մայրաքաղաք Մցխեթա, կրոնական կենտրոն Սվետիցխովելի, Ջվարի և Սամթավրո եկեղեցիներ (մանրամասներ...) (մանրամասներ...)
| |
Առավոտյան կսկսենք հին Թիֆլիսի շրջայցը` տեսնելու համար այս գեղեցիկ մայրաքաղաքի պատմամշակութային արժեքները: Մեր ծրագրում կլինեն այցելություններ` Մեթեխի եկեղեցի (13-րդ դար), որի կողքին քաղաքի հիմնադիր Վախթանգ Գորգասալիի տպավորիչ արձանն է (այստեղից բացվում է հին քաղաքի և Քուռ գետի հիասքանչ տեսարան), անվանի Շարդեն և Սոլոլաքի թաղամասեր, հայկական Սբ. Գևորգ եկեղեցի, ուր պարսկական ներխուժման ժամանակ սպանվել էր հռչակավոր աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովան: Կարող ենք բարձրանալ Նարիքալա բերդ (4-րդ դար), որտեղից նույնպես բացվում է քաղաքի գեղեցիկ տեսարան: Ոչ հեռու գտնվում են սինագոգը և Սիոնի Մայր տաճարը (6-րդ դար), ուր պահվում է Վրաստանի լուսավիչ Սուրբ Նինոյի խաչը (խաղողի որթից), Թիֆլիսի հռչակավոր ծծմբային բաղնիքները` “նախշուն բաղնիսը”, Թիֆլիսի միակ մզկիթը: (Այս բոլոր տեսարժան վայրերը գտնվում են փոքրիկ հին թաղամասում, և նրանց այցելությունը կտևի ոչ ավելի, քան երկու-երեք ժամ:) Հասնելով Ռուսթավելի պողոտա` կհայտնվենք տպավորիչ Ազատության հրապարակում, որի կենտրոնում կանգնած է Վրաստանի խորհրդանիշ Գեորգի Հաղթականի ոսկեզօծ արձանը:
Օրվա երկրորդ կեսին մեր ծրագրում կլինի այցելություն ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ Մցխեթա հին մայրաքաղաք, որ գտնվում է Թբիլիսիի մոտ: Այստեղ կտեսնենք պատմական հուշարձաններ, որոնք հանդիսանում են միջնադարյան վրաց ճարտարապետության կարկառուն օրինակներ. Սամթավրո եկեղեցի` թագավորական ընտանիքի դամբարան և թագադրման վայր, Սվեթիցխովելի Մայր Տաճար (4-րդ դար)` Վրաց Ուղղափառ Եկեղեցու կենտրոն, ուր թաղված է Քրիստոսի շուրջառը, Ջվարի եկեղեցի, ուր Սբ. Նինոն կերտել էր առաջին խաչը Վրաստանում: Գտնվելով Թիֆլիսում մենք անպայման կհամտեսենք վրացական խոհանոցի հայտնի կերակրատեսակները և վրացական գինին (Վրաստանում համարում
Այսօր կայցելենք Սիղնաղի` մի փոքրիկ քաղաք, որ վերածվել է Վրաստանի կարևոր զբոսաշրջային կենտրոնի: Այն գտնվում է Թբիլիսիից դեպի արևելք ձգվող Կախեթի շրջանում, որը հայտնի է իր գինիներով և պատմական հուշարձաններով: Սիղնաղին շատ է նմանվում իտալական փոքրիկ քաղաքների. տների մեծ մասն այստեղ կառուցվել է դեռևս 17-19-րդ դարերում, նրանք տեղավորված են գողտրիկ հրապարակների շուրջ, աղյուսով են շարված և զարդարված են փայտյա պատշգամբներով: Սիղնաղին ծաղկել է Իրակլի II թագավորի օրոք 18-րդ դարում: Թագավորն ամրոց էր կառուցել, որը ներկայումս ընդգծում է քաղաքի գեղեցկությունը: Բերդի պատն ամենաերկար պահպանված պատն է Կովկասում (4,5 կմ.), և այն ներդաշնակորեն միահյուսված է քաղաքի շինությունների հետ: “Արքայական աշտարակի” մեջ կառուցված է Սբ. Ստեփան Եկեղեցին (“Ստեփան Ցմինդա”): Բարձրանալով նրա զանգակատուն` մենք կտեսնենք Կովկասյան լեռնաշղթայի և Ալազանի հովտի հրաշալի տեսարանը: Շրջելով փողոցներով` կայցելենք Սբ. Գեորգ եկեղեցին (19-րդ դար), կտեսնենք պսակադրության գեղեցիկ պալատը` տեղի ճարտարապետության ցայտուն օրինակ, արհեստավորների Բարաթաշվիլի թաղամասը: Սիղնաղիում կարող ենք ներկա գտնվել ժողովրդական երգի և երաժշտության համերգների և փառատոնների (ըստ տարվա օրացույցի), որոնց մեջ ամենահայտնին հունիսի 1-ի Սուրբ Նինոյի տոնն է: Սիղնաղիում կամ նրա շրջակայքում գտնվող խաղողի այգիներում կհամտեսենք տեղի գինիները, խաղողը և խաղողի հյութը: Սիղնաղիի մոտակայքում կայցելենք Բոդբե վանք, ուր գտնվում է Սուրբ Նինոյի դամբարանը և Սբ. Գեորգ եկեղեցին (9-րդ դար): Այս տարածքը սուրբ է վրացիների համար. տեղի հավատալիքով վանքի ջուրն ունի բուժիչ հատկություններ: Բոդբեից հետո կմեկնենք դեպի ադրբեջանական սահման և կայցելենք ևս մեկ կարևոր պատմական հուշարձան` Դավիթ Գարեջի անապատ, տպավորիչ քարանձավային մի վանք: Սուրբ Դավիթ Գարեջելին Տասներեք սիրիական հայրերից մեկն էր, որն այս անապատում վանք էր հիմնել 6-րդ դարում: Դավիթ Գարեջելիի և նրա աշակերտների ճգնավորական կյանքը կարևոր դեր է խաղացել Վրաստանում քրիստոնեության ձևավորման գործում: Այսքանով այս օրվա ծրագիրը կավարտվի և մենք կվերադառնանք Թբիլիսի:
Թբիլիսիից դուրս գալով` վերադառնում ենք Հայաստան: Անցնելով վրաց-հայկական սահմանը` կհայտնվենք Լոռու մարզում, ուր լեռնային գեղատեսիլ ճանապարհով կբարձրանանք Հաղպատ և Սանահին վանքեր` ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտներ: Այնուհետև անտառի միջով ձգվող գեղեցիկ ճանապարհով կմեկնենք Դիլիջան, ուր կզբոսնենք հանրաճանաչ “Շարամբեյան” արհեստավորների փողոցով: Ցանկության դեպքում կարող ենք այցելել մոտակա անտառներում թաքնված Հաղարծին վանք: Հաջորդ կանգառը կլինի Սևանա լիճը, Հայաստանի մարգարիտը, որն աշխարհի քաղցրահամ ջրերի յուրատեսակ պահոցներից մեկն է` ծովի մակերեսից 2000 մ. բարձրության վրա: Այստեղ կհամտեսենք լճի համեղ ձուկը: Սրանով մեր ծրագիրը կավարտվի:
Հրաժեշտի երեկոյին միմյանց կշնորհավորենք այն առիթով, որ վերջին օրերի ընթացքում ձեռք ենք բերել այսպիսի հարուստ փորձ: Գիշերակաց Երևանում:
Մեկնում
Փոխադրում օդանավակայան և մեկնում: